Սիրիայի կառավարությունը արտագնա նիստ է անցկացրել Հալեպում: Տեղի ընտրությունն ամենեևին էլ պատահական չի եղել. փոխանցում են սիրիական ԶԼՄ-ները:
Կառավարությունն այսպես նախ՝ նշանավորում է ահաբեկիչների նկատմամբ Սիրիայի արաբական բանակի հաջորդական հաղթանակներն ու ողջ Հալեպի նահանգում լիակատար վերահսկողություն հաստատելու փաստը, ապա նաև՝ ընդգծում երկրի տնտեսական մայրաքաղաքը համարվող մետրոպոլիայի կարևորությունը:
Նիստի ընթացքում, որը վարել է վարչապետ Իմադ Խամիսը, ընդունվել է տնտեսության, շինարարության և հիմնական ծառայությունների ոլորտում քաղաքի և նահանգի զարգացման համապարփակ ծրագիրը: Այդ նպատակով հատկացվել է 145 միլիարդ սիրիական ֆունտ, որով ավարտին կհասցվեն վերջին երեք տարիներին մեկնարկած նախագծերը ներքին առևտրի, էներգետիկայի, սոցիալական ոլորտի, տեղեկատվության, առողջապահության, տրանսպորտի և հումանիտար ոլորտում:
Ներքին գործերի նախարարությունը նախատեսում է վերսկսել ոստիկանության բաժանմունքների աշխատանքը, վերականգնել ոստիկանական դպրոցը Խան Ալ-Ասալում, վերականգնել կենտրոնական բանտը և այլն:
Հանդիպմանը որոշվեց արդյունաբերողների և հնարավոր ներդնողների համար ապահովել արտոնյալ անհրաժեշտ պայմաններ, որպեսզի նրանք կարողանան արագ հիմնել և գործարկել իրենց բիզնեսը:
Նախարարների կաբինետը նաև մանրամասն ուսումնասիրեց Քաղաքային խորհրդի ներկայացրած քաղաքաշինական նախագիծը և դրա իրականացման եղանակները:
SANA-ի դիվանագիտական աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ իրենք տեղեկացված են ներսի ահաբեկիչներին դրսում հովանավորողների տխրության մասին, ինչն ինքնին խթան է հանդիսանում սիրիացիների համար՝ շարունակելու հակաահաբեկչական պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիայի ամբողջ տարածքը չի ազատագրվել ահաբեկիչներից և օտարերկրյա ապօրինի ներկայությունից: