Սիրիայի արաբական բանակի ստորաբաժանումների ուղեկցությամբ՝ SANA լրատվական գործակալության թղթակիցները Հալեպ-Ազազ ճանապարհի մերձակայքում գտնվող Քաբր ալ-Ինգլիզի բնակավայր են այցելել, որ ազատագրվել էր օրեր առաջ՝ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումից:
Այստեղ հայտնաբերվել է ահաբեկիչների գլխավոր շտաբը, որտեղ եղել են տարբեր զենքեր, իսկ որ ամենակարևորն է՝ փաստաթղթեր: SANA-ն փոխանցում է, որ սա նախկինում Էներգետիկայի ինստիտուտի շենքն է եղել, որը վերածվել է ահաբեկչական գլխավոր շտաբի և, այսպես կոչված, «Շարիաթի դատարանի», որը հագեցած է եղել տեսախցիկներով ու խոշտանգման վայրերով:
Գտնված փաստաթղթերը ոչ միայն «Ջեբհաթ ան-Նուսրայինն» են, այլև «Իսլամական պետությանը»: Քիչ չեն նաև օտարերկրյա գրոհայիններին պատկանող փաստաթղթերն ու տարածքի պատերին գրված սպանության կոչերը:
Ի դեպ, նույն տարածքում գտնվող առևտրի կենտրոնի շենքում ձևավորվել էր «Ֆեյլյաք ալ-Շամ» ահաբեկչական կազմակերպության առաջնորդի շտաբը և դարձյալ՝ բանտ, խոշտանգումների խցեր, սոսկալի տեսարան: Այստեղ, սակայն, ենթադրյալ առաջնորդի սենյակն ամբողջովին այրվել է՝ կազմակերպության հետ կապված ամեն ինչ թաքցնելու համար:
Տեսանյութում ներկայացվում է «Ջեբհաթ ան-Նուսրայի» շտաբը: Ենթադրվում է, որ ահաբեկիչները փախչելուց և սպանվելուց առաջ չեն հասցրել ամեն բան ոչնչացնել: