Չդադարող ծափերով այսօր վերջին հրաժեշտը տվեցին Երվանդ Մանարյանին: Արտիստը մահացավ կյանքի 96-րդ տարում:
Նրա` «Կոստյո՞ւմն է, որ պետք է գեղեցկացնի քեզ», «Դարձյալ ե՞ս մեղավոր դուրս եկա այս պարագային մեջ», «Չափահաս մարդ մը, որ այդ տեսակ արգահատելի վերաբերմունք ունի ջութակի նման ազնվագույն գործիքի նկատմամբ, ես այդ տեսակ մարդու հետ ճամփա չեմ գնա» արտահայտությունները դարձան թևավոր խոսք, իսկ «Հարսնացուն հյուսիսից» (Երվանդ), «Նորից ամառ եկավ» (Սողո), «Ընկեր Փանջունի» (Սարսափունի), «Մորգանի խնամի» (Բեռնար), «Կարինե» (Լուսանկարիչ) և այլ ֆիլմերում նրա կերտած անզուգական կերպարներն առանձնահատուկ են հիշվում:
Արվեստագետների խոսքով՝ նրա ստեղծագործություններում ու կյանքում երևում էին նրա հոգին, մեծ սիրտն ու բարությունը: Դերասան Տիգրան Ներսիսյանը «Լուրերի» հետ զրույցում նշել է, որ Մանարյանի կորուստը մեծ ցավ է, բայց միակ մխիթարանքն այն է, որ վարպետն իր ամբողջ կյանքն ապրել է բովանդակալից: Ցանկացած գործ արել է անմնացորդ նվիրումով, այնպես, ինչպես կյանքն էր ապրում: «Ամենակարևորը, որ նա անմնացորդ նվիրել է իր ստեղծագործ էության մի հատվածը մանուկներին և դա հիասքանչ է արել, երբ տիկնիկային թատրոնում էր, հետո արդեն՝ իր ստեղծած թատրոնում՝ «Ագուլիսում»,- նշել է Ներսիսյանը: