Ոստիկանության բարեփոխումները լինելու են շատ սահուն՝ այս մասին «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկումից հետո հայտնել է ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը: «Միանշանակ կարող եմ ասել, որ ոստիկանությունում կադրային ջարդ չի լինելու: Բոլոր նրանք, ովքեր իրենց մասնագիտական հմտություններով կհամապատասխանեն նոր ներկայացվող պահանջներին, բոլորը կմնան և կաշխատեն` անկախ նրանց ով լինելուց»,- ընդգծել է Եսայանը: Նախատեսվում է պարեկային նոր ծառայություն ստեղծել և նոր գործառույթներ պահանջող ծառայությանն անհրաժեշտ են նոր չափորոշիչներ: «Ինչ վերաբերում է նրանց, որոնք դուրս կմնան ծառայությունից, կտեղափոխվեն ոստիկանության տարբեր այլ ծառայություններ»,- վստահեցրել է Եսայանը: