Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում ունկնդրին ներկայացվել են Ալեքսանդր Հարությունյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից:
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակը Հայաստանում և աշխարհում հայ հեղինակների արվեստը տարածելն է։ Ալեքսանդր Հարությունյանի Ջութակի կոնցերտը Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, ջութակահար Ռոման Սիմովիչը։ Նա ելույթներ է ունեցել աշխարհի բազմաթիվ առաջատար բեմերում և նվագախմբերի հետ։ Սիմովիչը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերն է։ Նա Ալեքսանդր Հարությունյանի Ջութակի կոնցերտը կատարել է առաջին անգամ։
«Այս գաղափարը Սերգեյինն է. անցած տարի նա ինձ առաջարկեց սովորել երաժշտական այս մեծ ստեղծագործությունը։ Ես անմիջապես համաձայնեցի։ Ալեքսանդր Հարությունյանի այս կոնցերտն իրապես շատ խորն է, զգացմունքային և գեղեցիկ։ Այս գործի մեջ կարող ես զգալ մեծ ցավ, քանի որ այն նվիրված է 1988 թվականի երկրաշարժի զահերի հիշատակին»,- ասել է Ռոման Սիմովիչը։
Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը երեկոյի ընթացքում կատարել է միջազգային մրցույթների դափնեկիր, շեփորահար Հայկ Գուրգենյանը։ Կոնցերտը համարվում է աշխարհում շեփորի համար գրված լավագույն ստեղծագործություններից մեկը։
Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը նվիրված է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչվել ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գլխավոր նպատակն է հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն ունկնդրի լայն շրջանակներում‚ հայ կոմպոզիտորների կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունների ձայնագրումը‚ տեսագրումը‚ նոտաների թվայնացումն ու պահպանումը։