Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային գրասենյակի պատվիրակությանը։ Քննարկվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում հայ-շվեյցարական համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Շվեյցարական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն տիկին Դանիել Մյուլին ներկայացրել է ավելի քան 10 տարի Հայաստանում գյուղատնտեսության և տեղական ինքնակառավարման ոլորտներում իրենց իրականացրած ծրագրերը։ Անցած տարիներին 6 մարզերի շուրջ 200 բնակավայրերում մսամթերքի և կաթի վերամշակման ամբողջական արժեշղթայի ստեղծման ընթացքում շվեյցարական կողմի համար ակնհայտ է դարձել համապատասխան մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը։ Ըստ տիկին Մյուլի՝ դա է պատճառը, որ որոշում է կայացվել Հայաստանում իրականացվելիք ծրագրերում ներառել նաև կրթական բաղադրիչը։ Նա ասել է, որ թեև հնարավոր չի լինելու այս ոլորտում Շվեյցարիայի փորձը նույնությամբ ներդնել Հայաստանում, բայց դրա տեղայնացումը կարող է արդյունավետ լինել։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը` համագործակցել միջին մասնագիտական կրթության ոլորտում։ Մարտիրոսյանը նշել է, որ մեր երկրում նոր սպանդանոցների գործարկումից հետո ենթադրվում է, որ կզգացվի համապատասխան կարողություններ ունեցող մասնագետների կարիք։ Նախարարի տեղակալը կարևորել է, որ համագործակցության ծրագրերը կրեն համակարգային բնույթ, որ դրանցից օգտվեն ոչ միայն կոնկրետ համայնքներ ու ապագա ֆերմերներ, այլև երկարաժամկետ կտրվածքով դրական ազդեցությունը զգացվի նաև տնտեսության վրա։