Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Աբու Դաբիում UMEX/SimTEX 2020 հեղինակավոր ցուցահանդես-համաժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ, որպես համաժողովի հիմնական բանախոս, հանդես է եկել ելույթով: Այս մասին տեղեկացնում են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
Նախարարը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է հայկական տեխնոլոգիական ներուժը։ Նշել է, որ դեռևս ԽՍՀՄ տարիներին տեխնոլոգիական աշխարհում Հայաստանը համարվել է Խորհրդային Միության «Սիլիկոնյան հովիտը»։
Նախարարն անդրադարձել է բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի ներկա զարգացումներին և ապագայի հեռանկարներին։ Նախարարը խոսել է նաև Հայաստանը՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու նպատակին ուղղված աշխատանքների մասին, ներկայացրել է «Վիրտուալ կամուրջ» ծրագրի առանձնահատկությունները, նշել, որ ծրագրի շրջանակներում խոստումնալից ստարտափները հնարավորություն կստանան սովորելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոններում: Նրանցից 45-ն այս տարի Սիլիկոնյան հովտում, ունենալով լիարժեք պետական կրթաթոշակ, կմասնակցեն Դրեյփերի համալսարանի ձեռնարկատիրական դասընթացներին։ Նախարարը, կարևորելով կրթության դերը և նշանակությունը մեր երկրի համար, ներկայացրել է «Արմաթի», «Ազգային ինժեներական լաբորատորիաների», «Ինժեներական քաղաքի», «Թումոյի» գործունեությունը։
Արշակյանն անդրադարձել է նաև անցած տարի մեր երկրում տեղի ունեցած համաշխարհային նշանակություն ունեցող տեխնոլոգիական միջոցառումներին՝ ՏՏ համաշխարհային համաժողովը, Summit of Minds, Global IT Award, Digitec EXPO ցուցահանդեսը, ArmHiTech EXPO-ն, «Ինժեներական շաբաթը», Silicon Mountains համաժողովը, նշել, որ մեծամասշտաբ տեխնոլոգիական միջոցառումները մեզ կուղեկցեն նաև առաջիկայում։
Արշակյանն իր ելույթն ավարտել է՝ համաժողովի մասնակիցներին հրավիրելով համագործակցության՝ միանալու խաղաղության և պաշտպանության համար առավել կատարյալ տեխնոլոգիաներ ստեղծելու ջանքերին։ Նախարարի ելույթին հաջորդել են պանելային քննարկումներ: