Իրանում խորհրդարանական ընտրությունները սկսվել են առավոտյան 8.00-ին և պետք է ավարտվեին 18:00-ին, սակայն, քվեարկության համար նախատեսված ժամանակը որոշ շրջաններում մի քանի անգամ ավելացվեց: Արդյունքում, քվեարկությունն ավարտվեց ուղիղ կեսգիշերին:
Դեռ առավոտից երկրի մի շարք պաշտոնյաներ հայտնում էին բազմաթիվ ընտրատեղամասերում առաջացած հերթերի մասին, բայց դեռ ուշ երեկոյան էլ պետական հեռուստատեսությունը ցուցադրում էր տարբեր քաղաքների տեղամասերի դիմաց հսկայական հոսքը:
Ընտրություններն, ընդհանուր առմամբ, հանգիստ են անցել: Չնայած ուժեղացված անվտանգության միջոցառումներին, իրավապահները չեն հաղորդել որևէ լուրջ միջադեպի մասին, իսկ պետական մարմինները հայտարարել են, որ էական խախտումներ չեն եղել՝ փոխանցում է ԻՌՆԱ-ն:
«Ես ուղիղ կապի մեջ էի մարզերի հետ և մեր ստորաբաժանումների ղեկավարներից անընդհատ ճշտում էի, թե ինչպես են անցկացվում ընտրությունները: Բարեբախտաբար, մինչ այժմ մենք որևէ լուրջ խախտում չենք ունեցել: Եղել են տարբեր հարցեր, բայց դրանք չեն ազդել ընտրությունների վրա»,- ասել է ընտրությունների ընթացքի համար պատասխանատու Սահմանադրության պաշտպանության խորհրդի խոսնակ Աբաս Ալի Կադոդայը, որի հայտարարությունը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ:
Միևնույն ժամանակ, իրանական ԶԼՄ-ները հաղորդել են ընտրություններին քվեներ գնելու և վաճառելու մեղադրանքով մի քանի տասնյակ մարդկանց կալանավորելու մասին: Mehr գործակալությունն, օրինակ, 30 հոգու մասին էր հայտնում:
Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանական ընտրություններում միմյանց հետ մրցակցում են ավելի քան 7 հազար մարդ, որոնց թեկնածությունը հաստատվել է Սահմանադրության պաշտպանության խորհրդի կողմից, պայքարում է 290 տեղերի համար: Բացի այդ, անցկացվում են Բանիմացների Խորհրդի՝ Իրանի Գերագույն ղեկավար նշանակելու իրավունք ունեցող մարմնի, միջնաժամկետ ընտրություններ:
Ընտրություններն անցկացվում են Իրանի համար դժվարին միջավայրում՝ ԱՄՆ տնտեսական ճնշման ներքո, և այժմ ամբողջ աշխարհն է շունչը պահած սպասում, թե ովքեր են ղեկավարելու Խորհրդարանը՝ ռեֆորմիստնե՞րը, որոնք Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմնակիցներն են և ներկայում մեծամասնություն են, թե՞ պահպանողականները, կամ՝ ծայրահեղ ընդդիմադիրները: