Ինդոնեզական Ջակարտան հորդառատ անձրևների պատճառով ջրի տակ է հայտնվել՝ հայտնում է The Coco-ն: Ըստ աղետների կառավարման գործակալության՝ հորդառատ անձրևներից տուժել է քաղաքի մոտ 40 շրջան: Ամենից շատ հեղեղվել է Ջակարտայի արևելյան մասը, որտեղ ջուրը 80 սանտիմետր վերև է բարձրացել: Ավելի քան հազար մարդ ստիպված է եղել հեռանալ հեղեղված տներից: Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ քաղաքում ջրհեղեղը կշարունակվի մինչև մարտ ամիսը:
Հիշեցնենք, որ այս տարի Ամանորի գիշերը Ինդոնեզիան արդեն իսկ վերջին տասներկու տարիների ընթացքում ամենաուժեղ հեղեղումների թիրախում էր հայտնվել: Բնական աղետների պատճառով 67 մարդ մահացավ, տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանվեցին: