ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում քննարկվել են զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր:
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ հանդիպման սկզբում Տոնոյանը հրաժեշտ է տվել ռազմական ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանին, որից հետո հայտնել մի քանի կադրային որոշումների մասին: Պաշտոններից ազատվել են մի քանի բաժնի պետեր:
Պաշտպանության նախարարը ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Թելմանի Աղաջանյանին հանձնարարել է ժամանակավորապես կատարել ՌՈ պետի պաշտոնական պարտականությունները:
Դավիթ Տոնոյանը ՌՈ անձնակազմին և գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին տվել է խիստ ցուցումներ: Մասնավորապես, նախարարը շեշտել է կարգապահության ամրապնդման հարցի խիստ կարևորությունը և պահանջել կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը: