«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հայտարարում է մրցույթ հայ դաշնակահարների համար՝ առանց տարիքային սահմանափակման։ Հաղթողներին հնարավորություն կտրվի անվճար մասնակցել Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (EUFSC) Մալթայի դասական երաժշտության ակադեմիայի վարպետության դասերին, որոնք տեղի են ունենալու ս.թ. մայիսի 3-10-ը։
Վարպետության դասերը վարելու են անվանի դաշնակահարներ Դմիտրի Ալեքսեևը (ՄԲ), Յուրի Դիդենկոն (ՌԴ), Պաբլո Գալդոն (Իսպանիա), Գրիգորի Գրուզմանը (Գերմանիա), Վերա Կամենևան (ՌԴ), Միխայիլ Խոխլովը (ՌԴ), Ջուլիանո Մազոկանտեն (Իտալիա), Անխել Սանզոն (Իսպանիա) ու Արկադի Զենզիպերը (Գերմանիա)։
Լսումների արդյունքում ընտրվելու է տասը հաղթող հայ դաշնակահար, որոնց «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը (M4FF) և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (EUFSC) հնարավորություն կընձեռեն անվճար մասնակցելու վարպետության դասերի և Մալթայի միջազգային երաժշտական փառատոն 2020-ի համերգներին:
«Հայ երաժիշտները մեր մշակույթի դեսպաններն են արտերկրում, և հենց այդ համոզումն է մեզ մշտապես մղում օժանդակելու հայ տաղանդներին՝ իրենց գիտելիքի ամրապնդման գործում»,- նշել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 1-ն է։
Մանրամասների համար կարող եք դիմել՝ ք. Երևան, Մոսկովյան 31 շենք, գրասենյակ 166 կամ էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] հասցեով: