Թուրքիայի նախագահ Էրդողանը իրադրությունը Սիրիայում բնորոշել է «պատերազմ» և վճռականորեն հայտարարել, որ թուրքական բանակը Իդլիբի շրջանի ապաէսկալացիոն գոտուց դուրս չի գա: Ռուսաստանը նշել է, որ Թուրքիան այդ տարածք է տեղափոխել մեծ թվով ռազմական տեխնիկա և զինամթերքով բեռնված բեռնատարներ: Անկարայի և Մոսկվայի շահերն Իդլիբում բախվում են: Թուրքական կողմը հայտարարում է, որ իրենց թշնամին այդ շրջանում սիրիական բանակն է, ռուսական կողմն էլ հայտարարում է, որ աջակցում է սիրիական կառավարական ուժերին, որոնք պայքարում են թուրքական հսկողության տակ գտնվող զինված գրոհայինների դեմ:
Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալները նախօրեին, թուրքական հրետանու աջակցությամբ, փորձել են ճեղքել սիրիական բանակի պաշտպանությունը մի քանի կետում, սակայն ռուսական օդուժի աջակցությամբ սիրիական զինուժը կարողացել է հետ մղել հարձակումը:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է մի շարք փորձագետների կարծիքը Իդլիբում Ռուսաստանի և Թուրքիայի միջև բախումների վտանգի մասին: «Ես չէի ցանկանա խոսել ամենավատ սցենարի մասին», բայց ահաբեկչական խմբավորումները պետք է վնասազերծվեն»,- ասել է Պեսկովը:
Սիրիայի իրադրության վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հեռախոսազրույցներ են ունեցել Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարները և իրենց պատրաստակամությունը հայտնել քառակողմ հանդիպում անցկացնելու հարցում:
Վերջին տեղեկության համաձայն՝ այսօր հեռախոսազրույց են ունեցել նաև Պուտինը և Էրդողանը, որի մանրամասները չեն հաղորդվում: