Փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։
Նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը, որի ավարտից հետո տեղի կունենա երկու երկրների ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։
Սլովակիայի ԱԳ նախարարի այցը կմեկնարկի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ։ Նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Այցի շրջանակում տեղի կունենա ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը։
Հայ-սլովակյան հարաբերություններն ավանդաբար կրում են գործընկերային բնույթ: Սլովակիան հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Սլովակիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այլ բնագավառներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:
Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. հունվարի 14-ին: 2019թ. Սլովակիան որոշում է կայացրել ռեզիդենտ դեսպանություն հիմնելու Երևանում, որի բացումը տեղի կունենա նախարար Լայչակի այցի օրերին:
2019թ. դեկտեմբերին Սլովակիայում բացվել է ՀՀ պատվո հյուպատոսությունը:
Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Սլովակիան վավերացրել է 2019թ. հունիսի 4-ին:
Սլովակիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում պահպանում է ԵՄ կողմից որդեգրած դիրքորոշումը՝ հակամարտության կարգավորումն իրականացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում:
Հայաստանի և Սլովակիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2019թ. կազմել է 8,873.3 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ-ից Սլովակիայի Հանրապետություն ապրանքների արտահանումը կազմել է 398,8 հազ. ԱՄՆ դոլար, ներմուծումը՝ 8474,5 հազ. ԱՄՆ դոլար:
Զբոսաշրջության բնագավառում Սլովակիայից Հայաստան ընդհանուր այցելությունների թիվը 2019թ. կազմել է 1684:
Երկու երկրների խորհրդարաններում գործում են բարեկամության խմբեր, ՀՀ ԱԺ-ում բարեկամության խմբի ղեկավարն է Համազասպ Դանիելյանը՝ «Իմ քայլը» դաշինքից, իսկ Սլովակիայի խորհրդարանում՝ Դուշան Տիտտելը:
Երկու երկրների ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության շրջանակներում համագործակցություն է հաստատվել ՀՀ Արմավիրի մարզի և Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասի միջև:
Երևանն ու Բրատիսլավան ունեն եղբայրացման մասին համաձայնագիր։
Սլովակիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև է ընդունել 2004թ. նոյեմբերի 30-ին հետևյալ բովանդակությամբ` «Սլովակիայի Հանրապետության Ազգային Խորհուրդը ճանաչում է 1915 թվականի Հայերի ցեղասպանությունը, որի ընթացքում զոհվել են Oսմանյան կայսրությունում ապրող հարյուր հազարավոր հայեր, և այդ իրողությունը համարում է մարդկության դեմ հանցագործություն»:
Սլովակիան համահեղինակել է ՀՀ կողմից 2013թ., 2015թ. և 2018թ. Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում առաջադրած և հեղինակած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևին: