ԱՄՆ հետախուզական գործակալությունները կարծում են, որ Ռուսաստանը միջամտում է 2020-ի նախագահական ընտրություններին՝ Դոնալդ Թրամփի վերընտրությունը հեշտացնելու համար: Այս մասին հաղորդել են The New York Times, The Washington Post պարբերականներն ու CNN հեռուստաալիքը: Ըստ նրանց հրապարակման՝ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեին գաղտնի ճեպազրույցի ժամանակ: Հետախուզական գործակալությունները կարծում են, որ Մոսկվայի թիրախում նախ դեմոկրատների առաջնային ընտրություններն են, հետո արդեն՝ նախագահականը:
ԱՄՆ հետախուզությունը համոզված է, որ Ռուսաստանը պատրաստում է «միջամտության» նոր մեթոդներ, որոնց հետևելը դժվար կլինի: Ըստ Վաշինգտոնի՝ ռուսները կօգտագործեն Facebook-ը և սոցիալական այլ ցանցեր: Ամերիկացիներ ձևանալու փոխարեն, ինչպես արվեց 2016-ին, Ռուսաստանի հետախուզական գործակալությունները փորձելու են ստիպել ամերիկացիներին, որ հենց իրենք ինտերնետում տարածեն ապատեղեկատվություն:
Ճեպազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփի համախոհները փորձել են հերքել հետախուզության տեղեկությունները՝ պնդելով, որ Թրամփը «շատ խիստ է վերաբերվում Ռուսաստանին և ամրապնդել է եվրոպական անվտանգությունը»: