Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնը և Անգելա Մերկելը եռակողմ հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն, հավելելով, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներն ու Գերմանիայի կանցլերը հատուկ ուշադրություն են դարձրել Իդլիբում տիրող իրավիճակին:
Մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է ահաբեկչական սպառնալիքը չեզոքացնելու անհրաժեշտությունը՝ պահպանելով Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները: Էմանուել Մակրոնն ու Անգելա Մերկելն էլ հայտարարել են Իդլիբում լարվածության նվազեցմանն օժանդակելու՝ իրենց պատրաստակամության մասին:
Կողմերն ընդծել են նաև քաղաքացիական բնակչության համար հումանիտար հետևանքների կանխարգելման կարևորությունը: Բացի այդ, Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը հայտնել են, որ պատրաստ են համատեղ հանդիպում անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Սիրիայում իրավիճակի սրման հարցերը քննարկելու համար:
Զրույցի ընթացքում երեք երկրների ղեկավարները աջակցել են նաև Լիբիայում հրադադարի պահպանմանը և բեռլինյան կոնֆերանսի արդյունքների վրա հիմնված երկխոսության վերսկսմանը: Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը նաև ցավակցություն է հայտնել Գերմանիայի կանցլերին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհված ինը մարդու առիթով: