Վրաստանը, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ռուսական հետախուզությանը մեղադրում են վրացական ինտերնետային կայքերի, այդ թվում՝ երկրի նախագահի, կառավարության, դատարանների և հեռուստաալիքների վրա լայնածավալ կիբեռհարձակման համար:
Վրացական կառավարական գերատեսչությունների և լրատվամիջոցների վրա հաքերային հարձակումները տեղի են ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 28-ին: Ընդհատվել է մի քանի հեռուստաալիքի հեռարձակումը, արգելափակվել են պետական սերվերները, կաթվածահար է եղել մի շարք պետական հաստատությունների աշխատանքը: Կայքերի մի մասի հիմնական էջերը փոխարինվել են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լուսանկարով` անգլերեն «Ես կվերադառնամ» գրառումով:
Մոսկվան հերքում է իր միջամտությունն այս միջադեպին:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Վրաստանի վրա կիբեռհարձակման համար մեղադրել է Ռուսաստանի գլխավոր շտաբի վարչությանը և մասնավորապես 74455 զորամասին, որը հայտնի է Sandstorm («Ավազե փոթորիկ») անունով:
2016-ի նախագահական ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ը Մոսկվայի հյուսիսում տեղակայված այս ստորաբաժանման 12 սպաներից երեքին հեռակա մեղադրել էր հաքերային հարձակումների համար: