Ֆրանսիան պետք է դադարի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները: Այս մասին Twitter-ում գրել է «Ազգային միություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը:
Ըստ Լը Պենի՝ երկրի Վճռաբեկ դատարանը և Պետական խորհուրդը պետք է դադարեն հաշվի առնել ՄԻԵԴ-ի կարծիքը: «Ազատ պետությունը պետք է գործի այս ոչ ժողովրդավարական մանիպուլյացիաների դեմ»,- գրել է ծայրահեղական քաղաքական գործիչը:
Կոչը բացատրվում է այն պատճառաբանությամբ, որ ՄԻԵԴ-ի մի քանի դատավոր Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի նախկին աշխատակիցներ են, և միլիարդատերն ազդում է դատարանի որոշումների վրա:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները պարտադիր են այն պետության ղեկավարությանը, որոնց համար դրանք կայացվել են: Սակայն իշխանությունները երբեմն հրաժարվում են կատարել դատարանի առանձին որոշումները: Ռուսաստանում, օրինակ, ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելն օրենսդրորեն ամրագրված է 2015 թվականից: