«Ոչ»-ի քարոզարշավ չիրականացնելով՝ փորձում են խուսափել քաղաքական պատասխանատվությունից: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նրա դիտարկմամբ՝ անհասկանալի է, որ քաղաքական հայտ ներկայացնող կուսակցությունները դիրքորոշում չեն հայտնում համապետական քաղաքական իրադարձության վերաբերյալ:
«Պաշտոնապես հայտարարվել է, որ «Ոչ»-ի քարոզ չի իրականացվում, սակայն որոշ քաղաքական ուժեր հանրաքվեն բոյկոտելու կամ այդ գործընթացին չմասնակցելու կոչեր են անում՝ արդեն իսկ իրականացնելով «Ոչ»-ի քարոզարշավ»,- նշեց Մակունցը:
Պատասխանելով հարցին՝ ինչու հանրաքվեի մասին օրինագիծը չուղարկվեց Վենետիկի հանձնաժողով, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց, որ դեռ ժամանակ կա, և իրենք այն կարող են ուղարկել:
«2015-ին ընդունված Սահմանադրության նախագիծը, որն այս պահին չի գործում, ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով և հաստատվել է դրական եզրակացությամբ: Այն, ինչ մենք նախատեսում ենք փոխել, վերականգնելն է այն մոդելը, որն արդեն Սահմանադրությամբ 2015-ին հաստատվել է, և որն այս պահին չի գործում: Գործ ունենք մի փաթեթի հետ, որն արդեն նրանք ընդունել են»,- ասաց Լիլիթ Մակունցը:
Նա հայտարարեց, որ իշխանության նպատակն է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի այնպիսի քարոզարշավ իրականացնել, որ քաղաքացիները համոզվեն՝ ճիշտ է ընտրատեղամաս գնալը և այնտեղ դիրքորոշում հայտնելը, իսկ մինչև այդ, ըստ նրա, «Այո»-ի կողմնակիցները նախապատրաստական հանդիպումների տեսքով աշխատանքներ են իրականացնում: