Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2019 թ. հուլիսից դեկտեմբեր պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր չներկայացնելու համար 55 վարույթ է հարուցել:
Ամենաշատ վարույթներ հարուցվել են Ոստիկանության և Քննչական ծառայության պաշտոնատար անձանց նկատմամբ` համապատասխանաբար 18 և 15 վարույթ:
Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցվել է 5 վարույթ, պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ` 4 վարույթ, Քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց նկատմամբ` 3, Քաղաքացիական ծառայություն իրականացնողների նկատմամբ` 3, Պետական, քաղաքական պաշտոն զբաղեցնողների նկատմամբ՝ 2, և մեկական վարույթներ՝ Հարկադիր կատարման ծառայողի, համայնքային ծառայողի, դատավորի, դեսպանի և զինծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ:
Հանձնաժողովը վարույթների մասին ծանուցել է հայտարարագիր չներկայացրած բոլոր անձանց՝ առաջարկելով համապատասխան ժամկետներում ներկայացնել հայտարարագրերը: