ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ www.facebook.com սոցիալական ցանցում մտացածին կամ իրական անուններով բացված մի շարք անհատական էջերի 3 օգտատերեր 2019 թ. նոյեմբերից մինչև 2020 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում բաց հարթակում հրապարակայնորեն կատարել են ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ, ինչպես նաև ահաբեկչության հրապարակային կոչեր՝ օգտատերերի լայն լսարանի առջև քարոզելով նախկին և ներկայիս քաղաքական և հասարակական գործիչների, սոցիալական խմբերի հանդեպ բռնությամբ զուգորդված գործողությունների կատարում, որն առաջացրել է դրանց կատարման իրական վտանգ:
Հիշյալ արարքները կատարելիս ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք թույլ են տվել վիրավորական և նշավակող արտահայտություններ հայ ժողովրդի բացարձակ արժեքների՝ Հայոց լեզվի և բանակի վերաբերյալ, բռնության կոչերով հանդերձ հրապարակել են ինչպես ՀՀ իշխանության, Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության 1-ին և 2-րդ նախագահների պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող ծաղրանկարներ։
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։
Նախաքննական մարմինը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ հիշյալ օգտատերերի կապերի շրջանակը պարզելու, այլ հանցադեպերը բացահայտելու և հնարավոր վտանգները չեզոքացնելու ուղղությամբ։