ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) հրապարակել է 2019 թ․ կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն: Ըստ այդմ՝ ՀՀ վարչապետի՝ 2018 թ. հունիսի 11-ի 755-Լ որոշմամբ հաստատված իր կանոնադրության շրջանակում կառույցը, մասնավորապես, իրականացրել է հետևյալ աշխատանքները.
ստացված դիմում-բողոքների հիման վրա և սեփական նախաձեռնությամբ հարուցվել է 1674 վարչական վարույթ (2018-ի համեմատ՝ 8 անգամ ավելի), որոնց արդյունքում նշանակվել է շուրջ 500 տուգանք։ Դրանցով ընդհանուր առմամբ սահմանվել է շուրջ 247 մլն դրամի տուգանք, որից բյուջե մուտքագրվել է ավելի քան 28 մլն դրամ։ Վարչական վարույթների արդյունքում հայտնաբերված խախտումների համար տնտեսավարող սուբյեկտներին տրվել են խախտումները վերացնելու կարգադրագրեր։
Ամենաշատ դիմում-բողոքներն առնչվել են սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտին՝ 161։ Այս առումով տեսչական մարմինն օրենքով սահմանված կարգով հարուցել է 1069 վարչական վարույթ։
Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության ոլորտում ստացվել է 24 դիմում (բողոք), հարուցվել է 271 վարչական վարույթ։ Բժշկական սպասարկմանն առնչվող դիմում-բողոքները 36-ն են, հարուցվել է 309 վարչական վարույթ։ Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտին առնչվող 42 դիմում-բողոք է ստացվել, օրենքով սահմանված կարգով հարուցվել է 25 վարչական վարույթ։
Դիտարկվել են տնտեսվարողների կողմից օրենքների առավել հաճախակի խախտումները, դրանց պատճառները և տարածվածությունը։ Ըստ այդմ՝ խախտումները հիմնականում պայմանավորված են օրենսդրության պահանջների չիմացությամբ և ոչ բավարար իրազեկմամբ:
Գործարկվել են տեսչական մարմնի նոր կայքը՝ www.hlib.am հասցեով, և նոր «Թեժ գիծ» ծառայությունը՝ 8107 հեռախոսահամարով։ 2019-ին ԱԱՏՄ նախկին թեժ գծով ստացվել է 351 զանգ։ Դրանց գերակշիռ դեպքում հարցերը վերաբերել են աշխատանքային իրավունքի և սանիտարահիգիենիկ ոլորտի ամենատարբեր խնդիրներին։ Զանգերի ակտիվությունը կտրուկ բարձրացել է հուլիսին (62 զանգ)՝ պայմանավորված ամռանը հանրային օբյեկտներում աղմուկի ավելացման, սննդի որակի, վարակների հավանական ավելացման ու աղբի խնդիրների հետ։ Զանգերի վիճակագրությունը փաստում է, որ աճի միտում ունեն հատկապես աշխատանքային հարաբերություններին առնչվող հարցերը։
Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը մշտապես հետևել են երկիր մուտք գործողների մոտ կասկածելի լաբորատոր ախտանշանների առկայությանը՝ կատարելով ավտոմատ ջերմաչափում և վիզուալ զննում։ Այս ընթացքում հսկողություն է իրականացվել շուրջ 2,7 մլն ուղևորի նկատմամբ։ Վարակիչ հիվանդությունների ախտանշաններ (ջերմություն, ցանավորում) նկատվել է 383 անձի մոտ, որոնց մասին հաղորդվել է տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններին՝ ախտորոշումը ճշտելու և հետագա հսկողության նպատակով։ Ուժեղացվել է հսկողությունը կարմրուկի կլինիկական նշաններով կասկածելի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով: Հսկողություն է իրականացվել 247 աճյունի տեղափոխման նկատմամբ․ ուսումնասիրվել են փաստաթղթերը և տեղափոխման պայմանները։
Կառավարությանը, համապատասխան ոլորտների քաղաքականություն մշակող պետական մարմիններին ներկայացվել է 32 առաջարկություն։