Դանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում փոքրիկ ուխտագնացություն կատարեցինք «հայերի մայր» Քարեն Եփփեի ծննդավայր, ծաղիկներ դրեցինք և խոնարհվեցինք նրա հուշաքարի առջև, եղանք նրան նվիրված տեղական արխիվում։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Դանիացի միսիոներուհի Քարեն Եփփեն իր կյանքը նվիրեց Ցղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայ որբերին՝ հավաքելով նրանց Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերից և հոգ տանելով նրանց մասին՝ սնունդից և ապաստանից մինչև կրթություն և մասնագիտության ձեռքբերում։ Մինչև իր կյանքի վերջին օրը նա մնաց հայ երեխաների կողքին, մահացավ և թաղվեց Հալեպի հայկական գերեզմանոցում։
Իր այս անմնացորդ նվիրումի և գերմարդկային ջանքերի համար նրան անվանեցին «հայերի մայր»։
Հայ ժողովուրդը երախտիքի խոր զգացումով հավերժ կհիշի Քարեն Եփփեին՝ մեծ մարդուն, հումանիստին և հայերի բարեկամին»,- գրել է Ա.Միրզոյանը։