Հայաստանում 2020 թվականի հունվարի ընթացքում հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները իրականացրել են տարեկան ծրագրով նախատեսված 22 ստուգում, որից 5-ը՝ Արմավիրի, 4-ական՝ Կոտայքի, Արագածոտնի, Արարատի մարզերում, 3-ը՝ Լոռու և մեկական՝ Տավուշի և Վայոց ձորի մարզերում։
Վերահսկողական միջոցառումների իրականացման ընթացքում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հաշվառել է 351 հրդեհ, որից 115-ը՝ Երևանի տարածքում, 60-ը՝ Լոռու, 38-ը՝ Տավուշի մարզում։
Նույն ժամանակահատվածում Արագածոտնի տարածքային բաժնի համապատասխան մասնագետների կողմից իրականացվել է 4 հրդեհատեխնիկական հետազոտություն։
Հունվարին տեսչական մարմինը ուսումնասիրել և տրամադրել է 49 եզրակացություն նախագծային փաստաթղթերի հակահրդեհային պահանջների համապատասխանելիության վերաբերյալ:
ՏՄ աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 17 օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին, որից 13-ի (76,47%) վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն։ Տրամադրվել է հրդեհ ազդարարող 1 համակարգի շահագործման եզրակացություն:
Նշված ժամանակահատվածում ստացված 10 դիմում-բողոքի և գրությունների հիման վրա իրականացվել են դիտարկումներ և 1 ստուգում (Շիրակի մարզում)։ 5 դիմումում նշված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, 5 դիմում-բողոք ընթացքի մեջ է։
Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ բացահայտված խախտումները վերացնելու ուղղությամբ: Կազմվել է վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 6 արձանագրություն, որից 4-ը՝ հրդեհային անվտանգության կանոնները խախտելու, իսկ 2-ը՝ տեխնիկական անվտանգության պահանջները չկատարելու համար: Տեխնիկական անվտանգության ոլորտում կայացվել է 5 որոշում վարչական տույժ նշանակելու մասին և 1 որոշում՝ վարչական վարույթի կարճման վերաբերյալ։ 15 գործ ընթացքի մեջ է։
Տեսչական մարմնի նախաձեռնությամբ տնտեսվարող սուբյեկտների տրամադրվել է իրազեկող բնույթի 75 գրություն։