Հայաստանի ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել «Հայ-թուրքական սահմանի երկայնքով տեղակայված գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման կարգը, բարդությունները և դրանց վերացման ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկում:
Արարատի և Արմավիրի մարզպետարանների ներկայացուցիչները նշել են, որ հատկապես հայ-թուրքական սահմանի երկայնքով տեղակայված գյուղատնտեսական նշանակության հողերը նախկինում շատ քիչ են մշակվել, քիչ թվով անձինք ենք անցել հատուկ պահպանվող տարածք և նրանց բավարարել է գործող անցագրային ռեժիմը: Սակայն այսօր մշակվող մոտ 10 հազար հա հողատարածքում գյուղացիներն աճեցնում են բազմամյա կուլտուրաներ՝ խաղող, լոլիկ, ինչպես նաև բոստանային կուլտուրաներ՝ սեխ, ձմերուկ, որը շատ աշխատատար է, և մեկ ընտանիքը չի կարողանում այն ամբողջությամբ մշակել, ուստի անհրաժեշտ են լինում օգնող ուժեր: Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանի խոսքով՝ սահմանված անցագրային ռեժիմը դժվարություններ է ստեղծում այդ տարածքներ մուտք գործող անձանց համար, քանի որ առաջանում են կուտակումներ և հերթեր:
Հյուրերն առաջարկել են բարեփոխումներ կատարել համապատասխան օրենսդրության մեջ՝ հեշտացնելու այդ տարածքներում գյուղացիների մուտքն ու աշխատանքը:
Պատգամավորները բարձրացված հարցը համարել են անհետաձգելի և արագ լուծում պահանջող:
Հանդիպման ավարտին Վարազդատ Կարապետյանը մարզպետարանների ներկայացուցիչներին հորդորել է գրավոր առաջարկներ ներկայացնել, որոնք հանձնաժողովը կքննարկի ՀՀ Կառավարության հետ: Առաջնային համարելով սահմանային անվտանգության պահպանումը՝ հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ մեկ ամսվա ընթացքում իրենք կփորձեն լուծումներ գտնել՝ դյուրացնելու նշված տարածքներ մարդկանց ելումուտը: