Վրաստանի նախկին վարչապետ ու ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին այսօր առավոտյան ազատ է արձակվել ու մտադիր է վերադառնալ քաղաքականություն: Երկրի կառավարության նախկին ղեկավարն անազատության մեջ է եղել մոտ 7 տարի: Թբիլիսիի կալանավայրի մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում նա հայտնել է. «Անազատության մեջ եղել եմ մենախցում և որևէ փոխզիջման չեմ գնացել»:
Վանո Մերաբիշվիլին խոստացել է ներգրավվել «գործող վարչակարգի» դեմ քաղաքական պայքարին, որն «անպայման կփոխվի այս տարի»: Վրաստանի նախկին վարչապետը հայտնել է, որ իր քաղաքական ծրագրերի մասին ավելի ուշ կհայտարարի:
Վանո Մերաբիշվիլին բերման էր ենթարկվել 2013-ին: Նրա դեմ ներկայացվել էր հինգ մեղադրանք, այդ թվում՝ Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքի դեմ ուժի կիրառումն ու այլոց սեփականության յուրացումը: