Քննչական կոմիտեն ծանրացրել է Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը: Նա նախկինում մեղադրվում էր ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու համար, իսկ 2 օր առաջ լրացված մեղադրանքով՝ կազմակերպված խմբով երեխային ծնողից ապօրինի բաժանելու կամ փոխելու համար: Աբրահամյանի պաշտպանը «Լուրերին» հայտնել է՝ մեղադրանքի ծավալի փոփոխության հետ կապված Քննչական կոմիտեն միջնորդել է կալանավորել նրան: Դատարանը, բավարարելով միջնորդությունը, թույլատրել է կիրառել այլընտրանքային խափանման միջոց և նրա նկատմամբ կիրառել 5 մլն դրամի գրավ: Աբրահամյանը ձերբակալվել էր 2019-ի դեկտեմբերին: