Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս այս պատմական՝ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ: 1988-ի այս օրը ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդը որոշում ընդունեց մտնել Հայաստանի կազմի մեջ, ինչին իր լիարժեք աջակցությունը հայտնեց ոչ միայն Հայաստանի ժողովուրդը, այլև ողջ աշխարհի համայն հայությունը:
1988 թվականի փետրվարի 20-ի իրադարձությամբ, ձևավորված համաժողովրդական շարժմամբ հայ ժողովուրդը կրկին անգամ ցույց տվեց իր միասնությունը, կարևորագույն պահերին որպես մեկ միասնական բռունցք համախմբվելու և վճռականությամբ գործելու կարողությունը՝ հանուն ազգային նպատակների իրականացման:
Ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացումը և ժողովրդավարական ազատություններն ինչպես 1988-ին, այնպես էլ այսօր շարունակում են մեզ համար մնալ հստակ նպատակակետ: Եվ մենք համոզված ենք, որ միասնական ջանքերով հասնելու ենք մեր նպատակներին, քանի որ հավատարիմ ենք այն պայքարին ու ձգտումներին, որոնք անշրջելի են դարձնելու Արցախի բռնած ազատության ճանապարհը։
Կեցցե՛ ազատ Արցախը, կեցցե՛ համայն հայությունը»։