Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը։ Այս մասին լուրը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Փոփոխությունների թատրոնի» գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանը:
«Իմ և բոլորիս սիրելի պապիկը մահացավ»,- գրել Սեկոյանը։
Երվանդ Մանարյանը ծնվել է Իրանում 1924-ին։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի անվան թատրոնում։ 1957-1959 թթ. եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ 1959-1961 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։
Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։ Խաղացել է նաև «Հարսնացուն Հյուսիսից»,«Հարսնացուն Ջերմուկից»,«Տժվժիկ», «Մորգանի խնամին» և այլ հայտնի ֆիլմերում։
Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։