Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարարն առաջարկեց բյուջեից 50 մլն դրամ հատկացնել միջազգային մրցույթներում հաղթած, տարվա 10 լավագույն մարզիկներին խրախուսելու համար՝ յուրաքանչյուրին տրամադրելով 5-ական մլն դրամ պարգևավճար: Արայիկ Հարությունյանը նշեց, որ մրցանակաբաշխությունը տեղի կունենա վաղը՝ Բաղրամյան 26-ում:
Նախարարը նաև ավելացրեց, որ այս տարի կխրախուսվեն նաև օլիմպիական խաղերում հաղթած մարզիկները: Առաջին տեղի համար նախատեսված է 20 մլն դրամ, երկրորդի համար՝ 15 մլն, երրորդի համար՝ 10 մլն դրամ: Այս տարի կվերանայվի նաև մարզիկների կենսաթոշակների չափը՝ 55 հազարի փոխարեն կսահմանվի 100 հազար դրամ, իսկ օլիմպիական չեմպիոններին՝ 200 հազար դրամ:
Կառավարության այսօրվա նիստում սպորտին ևս մեկ անդրադարձ է եղել: Վարչապետն ասել է, որ սպորտն ունի ռազմավարական նշանակություն: Փաշինյանը հիշեցրել է՝ «ՀՀ զարգացման ռազմավարության մինչև 2050 թվականի նախագծով» պետք է Հայաստանը նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը, և ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է մինչև 2050 թվականը դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր:
«Ես ուզում եմ ասել, որ սա ոչ միայն քաղաքական, ոչ միայն սոցիալ-հոգեբանական, այլև տնտեսական հարց է, և երբ ես այսպիսի պնդումներ եմ անում, շատերն այն կասկածի տակ են դնում: Մի քանի օր առաջ հեռուստատեսությամբ դիտում էի «Արարատ-73-ի» մասին մի հաղորդում, և էնտեղ հետաքրքիր մի վկայության ականատես եղա: Խորհրդային Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանն ասել է, որ այն օրը, երբ «Արարատ-73»-ը հաղթում է, հաջորդ օրը երկրի գործարաններում աշխատանքի արտադրողականության ծավալը մեծանում է: Իհարկե, էստեղ կա կրթական կոմպոնենտ, հմտության կոմպոնենտ, բայց էստեղ կա նաև հոգեբանության և տրամադրության կոմպոնենտ: Էնպես որ, Կառավարությունը չի կարող սպորտը չդիտարկել երկրի ռազմավարության և երկրի զարգացման համատեքստում»,- ասաց վարչապետը:
Օլիմպիական չեմպիոնությունն անգամ նպաստում է մեծ թվով զբոսաշրջիկների այցելություններին՝ նշեց վարչապետ Փաշինյանն ու հավելեց, որ չկա այնպիսի մի երկիր, որի տնտեսությունը դինամիկ չի զարգանում, ու ինքն ունի էական ու տեսանելի հաջողություններ սպորտում:
«Տնտեսության զարգացումը պետք է բերի սպորտի զարգացում: Սպորտի զարգացումը այն լակմուսն է, այն նշանն է, որ երկրում տնտեսությունը զարգանում է»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: