ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ:
Բացման խոսքում Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հանձնաժողովի նոր անդամներին, ինչպես նաև նիստին մասնակցելու և հանձնաժողովի աշխատանքներին աջակցելու համար շնորհակալություն հայտնել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավարին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է ԿԽՄԿ-ի դերակատարումը անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու, գերիների ու պատանդների շահերն ու իրավունքները պաշտպանելու գործում։
Նիստի ընթացքում ներկայացվել է հանձնաժողովի և աշխատանքային խմբի կողմից 2019 թ. կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր, նախանշվել աշխատանքային ծրագրում ներառված միջոցառումների հիմնական ուղղությունները: Հանձնաժողովի անդամները հանդես են եկել առաջիկա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ տարաբնույթ առաջարկություններով:
Նիստի ավարտին հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ ընդգծել է անհայտ կորած անձանց ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու անհրաժեշտությունը: