ՀՀ Կառավարությունը փետրվարի 20-ի նիստում որոշում է կայացրել ՄԻԵԴ-ում «Աղանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թ. դեկտեմբերի 5-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ 2020 թ. պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել 242 հազար եվրոյին համարժեք դրամ` 22 դիմումատուներին (յուրաքանչյուրին 11 հազար եվրո) վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՄԻԵԴ վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի ֆինանսական հատուցումների վճարումը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Աղանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թ. դեկտեմբերի 5-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը 22 դիմումատուներից յուրաքանչյուրին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 11 000 (տասնմեկ հազար), իսկ ընդհանուր առմամբ՝ 242 000 (երկու հարյուր քառասուներկու հազար) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թ. դեկտեմբերի 5-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2020 թվականի մարտի 5-ն է: