Իրանում այսօր պաշտոնապես ավարտվել է երկրի խորհրդարանի նախընտրական քարոզարշավը: Վաղը՝ փետրվարի 21-ին, Իսլամական Հանրապետությունում նախանշված են օրենսդիր մարմնի ընտրությունները, որի ժամանակ կընտրվի 290 պատգամավոր: 14 հազարից 6850-ի թեկնածությունը հանվել է: Բրիտանական Guardian-ի տվյալով՝ սա 1979 թվականի հեղափոխությունից հետո ընտրությունների ընթացքում գրանցված թեկնածուների որակազրկման ամենաբարձր ցուցանիշն է:
Իրանի Մեջլիսը գաղտնի քվեարկությամբ ընտրվում է չորս տարով: 290 մանդատներից 5-ը տրվում են կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Այսօր Իրանում ընտրության իրավունք ունի մոտ 60 միլիոն քաղաքացի: Ընտրություններն անցկացվում են մեծամասնական կարգով: Առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ է ստանալ ձայների 2/3-ը: