Սիրիայի Իդլիբում իրավիճակն աղետալի է: Դժվար է օգնել ավելի քան 800 հազար մարդու, որոնք ստիպված են լքել իրենց տները: Սակայն հրադադարի մի փոքր հույս կա: Խնդիրը միայն այն է, թե որքան այն կերկարաձգվի: Թեմային է անդրադարձել շվեդական Svenska Dagbladet պարբերականը:
Սիրիայի նախագահ Ասադի բանակը վերականգնել է երկրի տարածքի մեծ մասի վերահսկողությունը: Մնացել է երկրի հյուսիս-արևմուտքի Իդլիբ շրջանի միայն կեսը: Այնտեղ այժմ բնակվում է 3 միլիոն մարդ: Հենց այնտեղ են թաքնվում իսլամիստական ապստամբական խմբավորումները, այդ թվում՝ ծայրահեղականները:
Ասադի վարչակազմը մտադիր է վերադարձնել ամբողջ Իդլիբը ռուսական ռմբակոծիչների ու իրանական և լիբանանյան շիա ապստամբների շնորհիվ: Այժմ նրանք պայքարում են ապստամբական խմբերի դեմ, որոնք էլ իրենց հերթին վայելում են Թուրքիայի աջակցությունը:
Թուրքիան պաշտպանում է Ասադի վարչակազմի դեմ խռովությունը, հետևաբար՝ հուսով էր, որ այն կտապալվի: Սակայն երբ 2015-ին Ռուսաստանը մտավ պատերազմի մեջ, պարզ դարձավ, որ դա տեղի չի ունենա: Այժմ Թուրքիան առաջին հերթին շահագրգռված է, որպեսզի նոր փախստականներ չընդունի իր երկրում, որտեղ արդեն կա 3.6 միլիոն սիրիացի:
2018-ին Թուրքիան ու Ռուսաստանը պայմանավորվել էին Իդլիբում ապստամբների ու վարչակազմի զինվորականների միջև ապառազմականացված բուֆերային գոտի ստեղծել: Թուրքիան էլ սիրիական շրջան էր ուղարկել իր ուժերը՝ համաձայնագրի դրույթները կատարելու նպատակով:
Ռուսաստանը, սակայն, հայտնել է՝ քանի որ Թուրքիային չի հաջողվել զինաթափել ծայրահեղականներին, հետևաբար, պայմանագիրը վավեր չէ: Եթե սիրիական բանակը մինչև մարտի 1-ը չնահանջի, ապա Սիրիայի Իդլիբում կարող են սկսվել լայնածավալ ռազմական գործողություններ: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահը: