Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը զգալիորեն աճել է: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ, փաստաբան Էնթոնի Բարսամյանը:
Բարսամյանի խոսքով՝ եթե 2019-ին հայ-ամերիկյան հարաբերությունները նշանավորվեցին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում Հայոց ցեղասպանության ճանաչման և Հայաստանին շուրջ 60 միլիոն դոլարի ամերիկյան օգնության հատկացման հանգամանքներով, ապա այս տարի հեռանկարներն ավելի լայն են:
Հայաստանի այսօրվա զարգացման տեմպերն աննախադեպ են, ասում է Բարսամյանը, հավելելով, որ խոսում է որպես անկողմնակալ դիտորդ, որը Հայաստան պարբերաբար այցելում է 1987-ից ի վեր, և ում կազմակերպությունը՝ Ամերիկայի հայկական համագումարը, փոխկապակցված չէ որևէ կուսակցության հետ:
«Հենց այս պահին, տեսնելով Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, կարող եմ ասել՝ երբեք այսքան լավատեսորեն չեմ դիտարկել Հայաստանի ապագան»:
Հայաստանի առաջընթացը նկատում են նաև Միացյալ Նահանգների ղեկավար շրջանակներում՝ ասում է ամերիկահայ գործիչը.
«Նկատելի է Հայաստանի նոր ժողովրդավարությանն աջակցելու գործում ամերիկյան կողմի հետաքրքրվածությունը, որպես մի երկրի, որն օր օրի այս ուղղությամբ առաջընթաց է գրանցում: Որպես ամերիկահայ՝ ես ավելին եմ ակնկալում իմ կառավարությունից, և ԱՄՆ-ի իշխանության հետ հանդիպումներին ես ընդգծում եմ՝ այժմ լավագույն ժամանակն է օգնելու Հայաստանին իրական դատաիրավական բարեփոխումներ իրականացնել»:
Էնթոնի Բարսամյանի խոսքով՝ թեև Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը շարունակվելու է մինչև այս ողբերգական իրողության ճանաչումը նաև ԱՄՆ-ի նախագահի կողմից, ինչպես 1980-ականներին դա արեց Ռոնալդ Ռեյգանը, այդուհանդերձ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում պետք է ավելի զգալի դեր խաղան առևտրատնտեսական և ներդրումային հեռանկարները: Հենց այս հարցերի առաջխաղացմամբ պետք է զբաղվեն արտերկրում բնակվող հայերը,- համոզված է Բարսամյանը:
«Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին խնդիրներին, դրանց պետք է մասնակցեն բացառապես Հայաստանում բնակվող քաղաքացիները»,- համոզված է ամերիկահայ գործիչը:
«Այս հարցով ես թեժ քննարկումներ եմ ունեցել: Եթե ես պատասխանում եմ Հայաստանում քվեարկելու համար, ապա պետք է բնակվեմ Հայաստանում»: