Վերջին 3 ամիսների ընթացքում գազի, բենզինի վաճառքի կետերում խախտումների թիվը անհամեմատ շատացել է։ Բայց պատճառը ոչ թե տնտեսավարողների ոչ պատշաճ աշխատանքն է, այլ պարզապես շուկայի վերահսկողության տեսչությունն առանց զգուշացման է ստուգման գնում։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը նշում է, որ այցն անակնկալ է լինում, խորամանկությունները շտկել չեն հասցնում: Եթե նախկինում տասը ստուգումից հայտնաբերում էին երկու դեպք, այժմ հայտնաբերում են յոթ դեպք:
Առանց նախնական ծանուցման ստուգում կատարելու իրավունքը տեսչական մարմնին տրվեց օրենքով՝ դեկտեմբերի սկզբից։ Հենց դրանից հետո 20 բենզալցակայանում ստուգայց են արել՝ արձանագրել 60 տոկոս խախտումներ։ Ռիսկայիններին այստեղ մեկառմեկ գիտեն, նրանց թվում նաև խոշոր խաղացողներն են։
Կոտոլյանն բացատրում է՝ երբ 20 լիտրի մեջ շեղումը 150 գրամից ավելի է լինում, սա սպառողին խաբել է համարվում։
Ասել, թե խախտումներ կատարողները միշտ նույնն են, սխալ է՝ տեսչական մարմնի պետի գնահատականն է։ Սակայն այս պնդմանը վարորդներն են վերապահումով մոտենում։ Մեքենան կլիցքավորեն բենզինով թե գազով՝ էական չէ, ամեն մեկն իր վստահելի կետն ունի։
Վարորդները խոսում են վստահելի լցակայանների մասին և նշում, որ նախկինում մեկ լիցքավորմամբ հնարավոր էր քշել 150-200 կմ:
Արմեն Կոտոլյանը վստահ է՝ իրավիճակը կշտկվի, եթե տուգանքը բարձր լինի։ Առավելագույն դրամական պատիժն այսօր 100 հազար դրամն է։ Շեմը բարձրացնելու, վառելիք վաճառողին սթափեցնելու համար նոր, վերանայված նախագիծը արդեն դրվել է շրջանառության մեջ։
Նրա խոսքով՝ նույն լիցքավորման կայանում երրորդ խախտումն արձանագրելու դեպքում տնտեսավարողի գործունեությունը մեկ ամսով կկասեցվի: Իսկ մինչ այդ կկիրառվի 1-3 մլն դրամ տուգանք:
Ի տարբերություն բենզալցակայանների, գազի դեպքում խախտումներն ավելի քիչ են, քանի որ այն արդեն ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով է վաճառվում։ Տեսչական մարմինը, սակայն, հիմա բարձր ճնշման, հետևաբար անառողջ մրցակցության դեմ է պայքարում։ 2019-ի տվյալներով՝ 47 տնտեսավարողից 23-ը խախտումով են աշխատել։