ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ամփոփելով 2019-ին կատարված աշխատանքները, տեղեկացնում է՝
դիտարկվել են տնտեսավարողների կողմից օրենքների առավել հաճախակի խախտումները, դրանց պատճառները և տարածվածությունը։
Ըստ այդմ՝ խախտումները հիմնականում պայմանավորված են օրենսդրության պահանջների չիմացությամբ և ոչ բավարար իրազեկմամբ:
✔️ Դեղերի շրջանառության և դեղագործության ոլորտում առավել հաճախ խախտվում են դեղերի պետական գրանցման, ներմուծման և արտահանման հետ կապված օրենքների պահանջները։
✔️ Բուժսպասարկման ոլորտում հաճախ խախտվում է բժշկական փաստաթղթերի լրացման և վարման կարգը։
✔️ Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության խախտումներն առավելապես առնչվում են աշխատատեղերում, շենքերում և կառուցապատման տարածքներում առկա աղմուկին, բնակտարածքներում սանիտարական նորմերի պահպանմանը, բժշկական թափոններին, Բժշկական նշանակության արտադրատեսակների ախտահանմանը և մանրէազերծմանը, ջրի որակին: Սանիտարական նորմերի խախտումներ արձանագրվել են նաև նախադպրոցական կազմակերպություններում։
✔️ Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում տնտեսավարող սուբյեկտներն առավել հաճախ խախտում են աշխատողներին աշխատանքի կոլեկտիվ և անհատական պաշտպանության միջոցների տրամադրման և կիրառման, գործատուի կողմից աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության վերաբերյալ ներքին իրավական ակտեր չընդունելու նորմերը։
Ստացված դիմում-բողոքների հիման վրա և սեփական նախաձեռնությամբ հարուցվել է 1674 վարչական վարույթ (2018-ի համեմատ՝ 8 անգամ ավելի), որոնց արդյունքում նշանակվել է շուրջ 500 տուգանք։ Դրանցով ընդհանուր առմամբ սահմանվել է շուրջ 247 մլն դրամի տուգանք։
Վարչական վարույթների արդյունքում հայտնաբերված խախտումների համար տնտեսավարող սուբյեկտներին տրվել են խախտումները վերացնելու կարգադրագրեր։