Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Վերածննդի օրվա առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Վերածննդի օրվա առթիվ:
1988-ի փետրվարի 20-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը, որն իրավական ուժ հաղորդեց մեր ժողովրդի բազմամյա նկրտումներին և ազդարարեց նրա նվիրական իղձերի ու նպատակների իրականացման մեկնարկը:
Նստաշրջանը տեղի ունեցավ՝ չնայած բռնատիրական Ադրբեջանի բիրտ ճնշումներին, տեղի ունեցավ՝ ժողովրդավարության սկզբունքներին ու նորմերին, օրենքի տառին ու ոգուն խիստ համահունչ: Եվ ընդունվեց որոշում, որի համար մեր ժողովուրդը պայքարում էր տասնամյակներ շարունակ:
Դա պայքար էր՝ ուղղված պատմական արդարության վերականգնմանը, մարդու իրավունքների ու ազատությունների, համամարդկային ու ազգային արժեքների պաշտպանությանը: Դա պայքար էր, որի համար ոտքի էր ելել համայն հայությունը՝ Ղարաբաղում, մայր Հայաստանում և սփյուռքում:
Այդ օրը դարձավ մեր ժողովրդի սխրանքի, վճռականության ու ազատասիրության, մեր համազգային միասնականության խորհրդանիշը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին այս հիշարժան տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու մեծագույն հաջողություններ հայոց պետականաշինության ճանապարհին»: