Ժամեր առաջ Ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Վլադիմիր Ալիխանյանի ընտանիքում տղա է ծնվել։ Նրան անվանակոչել են հերոսի անունով:
Նորածինը Վլադիմիրի կրտսեր եղբոր՝ Սամվելի որդին է։ Փոքրիկը ծնվել է 3 կգ 350 գ քաշով։ Ապրիլյան հերոսի մայրը՝ Աննա Ալիխանյանը, 1lurer.am-ին ասել է, որ փոքրիկ Վլադիմիրն ընտանիքին երկրորդ շնչառություն է տվել։
«Մենակ էն, որ տանը Վալոդիկ եմ կանչելու, ինձ համար ամեն ինչ է։ Վալիս տեղը (մայրն այդպես է նաև որդուն կոչել) ոչ մեկը չի կարող լրացնել, բայց նորածին Վլադս գոնե ապրելու հույս տվեց մեզ»,- ասել է զոհված տանկիստի մայրը։
Վլադիմիր Ալիխանյանը Դիլիջանից էր, զոհվել է 2016-ի ապրիլի 3-ին՝ Ջաբրայիլում։ Նշանառու օպերատորը Բենիամին Եղոյանի և Տիգրան Աբգարյանի հետ միասին խոցել է հակառակորդի երեք տանկ, տրորել մեր սահմանին հայտնված ադրբեջանական դրոշն ու զոհվել հերոսաբար։
Հիշեցնենք նաև, որ 2017-ի հունվարի 28-ին էլ ծնվել էր Բենիամին Եղոյանի(Մոնթեի) քրոջ որդին, որին ևս անվանակոչել էին հերոսի անունով։