Մենք գործնականում արդեն ապացուցել ենք, որ ուսումնական հաստատությունները ներգրավված չեն քաղաքական գործընթացներին: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք վստահ կարո՞ղ ենք լինել, որ դպրոցները զերծ կմնան սահմանադրական հանրաքվեի գործընթացին մասնակցելուց:
Նախարարը հիշեցրեց, որ հեղափոխությունից հետո ՀՀ-ում տեղի են ունեցել խորհրդարանական, Երևանի քաղաքապետի և ՏԻՄ ընտրություններ, և արձանագրվել է ուսումնական հաստատությունների մասնակցության զրո փաստ: «Բայց ևս մեկ անգամ նախկինում եղած անախորժություններից մեզ ապահովագրելու համար ԿԸՀ-ի հետ մշակել ենք շրջաբերական և ուղարկել ենք ուսումնական հաստատություններ, որպեսզի մեր գործընկերներն իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները»,- ասաց Ա.Հարությունյանը:
Անդրադառնալով ատելության քարոզի վերաբերյալ հարցին՝ նախարարը նշեց, որ ատելության և անհանդուրժողականության որևէ դրսևորում առկա չէ, և դա հնարավոր է ապացուցել՝ դուրս գալով փողոց և զրուցելով քաղաքացիների հետ: «Կարծում եմ, որ ատելությունն ու անհանդուրժողականությունը ֆեյքերի բանակների միջև է՝ սոցիալական ցանցերում: Սոցցանցերից դուրս նման երևույթ գրեթե չկա»,- ընդգծեց նա: