ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ անչափահասների կողմից առողջությանը վնաս պատճառելու դեպքերի նվազում է նկատվում:
«Վերջին շրջանում համացանցում տարածում են գտել անչափահասների կողմից սուր կտրող-ծակող առարկաների գործադրմամբ առողջությանը տարբեր աստիճանի վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ տեղեկություններ: Կցանկանայի նշել, որ ոստիկանության իրավասու ծառայողների ամենօրյա ուշադրության և հսկողության կենտրոնում են անչափահասների շրջանում իրականացվող կանխարգելիչ աշխատանքները:
Շուրջ մեկ ամիս է՝ հանրապետության հանրակրթական բոլոր դպրոցներում աշակերտների, ծնողների և մանկավարժների մասնակցությամբ անց են կացվում հանդիպումներ սառը զենք կամ դրան նմանվող առարկաների կրման վտանգավորության և հետևանքների մասին:
Հարկ է նշել, որ 2019 թվականի ընթացքում ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 10-ով նվազել են անչափահասների կողմից առողջությանը վնաս պատճառելու դեպքերը (2018 թ.՝ 34, իսկ 2019՝ 24), այդ թվում՝ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերը (2018 թ.՝ 17, 2019 թ.՝ 16):
Իրականացվող բազմաբնույթ միջոցառումների շրջանակներում 2019 թ. ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է անչափահասների կողմից անօրինական զենք (սառը զենք) կրելու 37 դեպք՝ 2018 թ. 20-ի դիմաց: Հորդորում եմ բոլոր ծնողներին՝ երեխաների կողմից սուր կտրող-ծակող կամ սառը զենքի նմանվող առարկաներ կրելու դեպքերը բացառելու համար լինել զգոն և հետևողական»,- գրել է Նելլի Դուրյանը: