Սիրիայում շարունակվում են թեժ մարտերը: Այսօր Թեհրանը պաշտոնապես հաստատեց, որ Իրանի իսլամական հեղափոխության կորպուսի աշխարհազորային Համիդրեզ Բաբոլխանին Սիրիայում զոհվել է հրթիռային հարձակման հետևանքով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հալեպի նահանգի Ադ-Դան գյուղում սիրիական կառավարական ուժերը շարունակում են ծանր հրետանիով գնդակոծել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» և «Սիրիական ազգային բանակ» ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների դիրքերը՝ հայտնում է ընդդիմադիր Step News գործակալությունը:
Մարզի հյուսիսում՝ Աֆրինի կանտոնում, վերսկսվել են բախումները թուրքամետ խմբավորումների և Աֆրինի ազատագրման ուժերի քուրդ զինյալների խմբավորումների միջև: Մայաս գյուղի մերձակայքում կողմերը հարվածներ են փոխանակել ծանր և միջին տրամաչափի զենքերից, որից հետո քրդերը նահանջել են իրենց նախկին դիրքերը՝ Շարա գյուղի մոտակայքում:
Թուրքիայի կողմից հովանավորվող «Սիրիական ազգային բանակը» Իդլիբի նահանգի Մադայա գյուղի մոտակայքում անակնկալ հարձակում է գործել կառավարական ուժերի դեմ՝ հայտնում է Al Mohrar Media-ն: Զինյալների կողմից հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ՊՊԾ գնդի մի շարք զինծառայողներ ծանր վիրավորվել են հրետանակոծման արդյունքում: Ի պատասխան՝ Սիրիայի ռազմաօդային ուժերը կատարյալ դժոխք են ապահովել գրոհայինների համար Արիքա գյուղի և Տարմանինի ծայրամասում, որտեղ բազմաթիվ ռումբեր են նետել խմբավորման հենակետերի ուղղությամբ: Այս մասին էլ հաղորդում է SOHR-ը:
Ըստ Al-Nour-ի՝ տասնյակ ընտանիքներ են վերադառնում ազատագրված Մաարեթ-ան-Նուման քաղաք: Հիշեցնենք, որ քաղաքը Սիրիայի բանակի վերահսկողության տակ էր ընկել այս տարվա հունվարի 28-ին՝ սիրիական բանակի հերոսական մարտի արդյունքում:
Այն բանից հետո, երբ ինժեներական ստորաբաժանումները ականազերծման աշխատանքներ են իրականացրել՝ մաքրելով բնակելի տարածքները զինյալների թողած ական-թակարդներից, փախստականները սկսել են վերադառնալ իրենց նախկին բնակավայր:
Իդլիբին սահմանակցող Համայի նահանգի հյուսիսում փետրվարի 18-ի երեկոյան բախումներ եղել սիրիական բանակի ստորաբաժանումների և ահաբեկիչ թահրիրականների միջև: Զինյալների մեդիա ռեսուրսները հայտնում են, որ նրանց հաջողվել է ջախջախել կառավարական բանակի հետևակային մարտական մեքենաները Մադայա գյուղի մերձակայքում, ինչպես նաև կրակ բացել դաշտային շտաբում: Այլ աղբյուրներ, սակայն, լուրը չեն հաստատում:
Փոխարենը՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, թիկունքի ծովակալ Օլեգ Ժուրավլյովն է հայտարարել, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից վերահսկվող շրջաններում իրավիճակը բարդ է, քանի որ տարեսկզբից զենքով 13 ռազմական ինքնաթիռ են ժամանել Իրաքից՝ ահռելի քանակի զենքով ու զինամթերքով: Ըստ ծովակալի՝ հենց այդ զենքն է հայտնվում գրոհայինների ձեռքում: