Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը փորձում է օրինականացնել Ազատության պողոտայի իր առանձնատան հարևանությամբ կառուցված ինքնակամ շինությունը։ «Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ անցյալ տարվա աշնանը Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ներկայացուցիչ Դավիթ Աթոյանի միջոցով դիմել է վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին՝ ընդունել վարչական բարենպաստ ակտ և օրինականացնել կից շինությունը։
2019-ի հոկտեմբերի 24-ին դատարանը վերադարձրել է Աբրահամյանների դիմումը։ Մինչև այդ վերջիններս փորձել էին քաղաքապետարանին դիմելով հասնել շինության օրինականացմանը, սակայն՝ ապարդյուն։
1lurer.am-ը դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել այս դիմումի առնչությամբ։ Քաղաքապետարանից պատասխանել են, որ «իրենց դիմել են «Ազատության 1/6 հասցեի հարևանությամբ, օրինական հողամասին կից (մոտ 450 քմ) համայնքային հողի վրա իրականացված ինքնակամ շինություններն օրինականացնելու խնդրանքով»: Դիմումը հիմնվել է «Երևանում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների մասին» օրենքի վրա։
Ի պատասխան՝ քաղաքապետարանը նշել է, որ օրենքը վերաբերում է մինչև 2001 թ. մայիսի 15-ը հողհատկացման հիմքեր ունեցող և դրանք չպահպանված անհատական բնակելի տներին կից ավել օգտագործվող հողամասերին և դրանց վրա իրականացված շինությունների օրինականացմանը, իսկ նշված գույքը կառուցվել է այս ժամկետից հետո և չի կարող քննարկվել։
2018-ի սեպտեմբերի 24-ին «Հետքը» գրել էր, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը Ազատության պողոտայի այս թաղամասում ունի երկու առանձնատուն, որոնցից մեկը Հովիկ Աբրահամյանի կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի անունով է, իսկ մյուսը որդու՝ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի անունով։ Այս առանձնատան կադաստրային արժեքը 310 միլիոն դրամից ավելի է։