«Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է հունվարի 10-ին: Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել էր, որ գործը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Հունվարի 29-ին էլ դատախազությունը հաստատել էր մեղադրական եզրակացությունները՝ գործն ուղարկել դատարան: Այն մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանին:
Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):