Ռուս լրագրող Վիկտոր Սոկիրկոն անդրադարձել է Հայաստանի տնտեսական հաջողություններին: Լրագրողը գրում է. «Հայաստանը շատ հարուստ երկիր չէ: Այն չունի նավթ և գազ, չունի մուտք դեպի ծով, ունի բավական սակավ բնական ռեսուրսներ և առևտրային մեծ պակասուրդ: Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից, և այն ակամայից «ցնցվում է» ռազմավարական ու առևտրային գործընկերոջ տնտեսական անկումներից: Նույնիսկ ազգային խորհրդանիշը՝ Արարատ լեռը, հայտնվեց Թուրքիայի տարածքում, Մոսկվայի և Կարսի 1921 թվականի պայմանագրերի համաձայն: Ինչևէ, Հայաստանը եզակի և աներևակայելի գեղեցիկ երկիր է, ու նաև շատ բարյացակամ Ռուսաստանի նկատմամբ: Գրեթե երկու միլիոն հայ է մշտապես բնակվում Ռուսաստանի Դաշնությունում (Հայաստանում բնակչությունը կազմում է 2.98 միլիոն մարդ):
Սակայն անցած մեկուկես տարվա ընթացքում բոլորը սկսել են խոսել «հայկական տնտեսական հրաշքի» մասին: Եվրասիական միության անդամ երկրներից՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից և Ղրղզստանից, միայն Երևանն է ցույց տվել երկրի ՀՆԱ-ի աննախադեպ աճ: 2019 թվականի առաջին ինը ամիսների արդյունքներով, Հայաստանի տնտեսության աճը կազմել է 7,5 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի տարվա կանխատեսումը կազմել է 7,9 տոկոս): Եվ սա ոչ միայն ամենաբարձր ցուցանիշն է եվրասիական գործընկերների, այլև այնպիսի երկրների շրջանում, ինչպիսիք են Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Ռումինիան, Մոլդովան և Ուկրաինան: Ընդ որում՝ Ռուսաստանի տնտեսությունը 2019 թվականին աճել է ընդամենը 1,3 տոկոսով, Բելառուսինը՝ 1,2 տոկոսով:
Ռուսաստանցի տնտեսագետ պրոֆեսոր Նիկիտա Կրիչևսկին դա համարում է Հայաստանում առկա հակակոռուպցիոն պայքարի և երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքը: «Նիկոլ Փաշինյանի վարչապետության մեկուկես տարվա ընթացքում ստեղծվեց նոր խորհրդարան, որտեղ պատգամավորների միջին տարիքը 40-ն է»,- նշում է Կրիչևսկին:- Ստեղծվել է հակակոռուպցիոն հանձնաժողով, որի ղեկավարը ընդդիմության առաջնորդն է: Կոռուպցիայի և հարկերից խուսափելու դեմ պայքարի շրջանակներում 2019 թվականին 115 միլիոն դոլար է վերադարձվել բյուջե: Դա 7 անգամ ավելին է, քան նախորդ 11 տարվա ամբողջ գումարը: Առայժմ քննվել է 346 դեպք, քննարկվում է ևս 20 361-ը: Ներդրվել է օրենք, որի համաձայն բռնագրավում են պաշտոնատար անձի ունեցվածքը, եթե նա չի կարողանում ապացուցել այն միջոցների օրինականությունը, որոնցով ձեռք է բերել այդ գույքը»:
«Հայաստանում ՀՆԱ-ի աճը կազմել է 8,2 տոկոս, իսկ մեր չինովնիկներն ասում են, որ 8 տոկոս կամ ավելին անհնար է»,- նշում է Նիկիտա Կրիչևսկին:
Արտահանման աճը 9 տոկոս է, արդյունաբերության աճը դարձյալ՝ 9 տոկոս: Աշխատավարձն ավելացել է 5,8 տոկոսով, նվազագույն աշխատավարձը՝ 20 տոկոսով: Հարկային եկամուտների աճը բյուջե կազմում է 43,6 տոկոս: Հայաստանի ոսկու և արտարժույթի պաշարները պատմական ռեկորդ են սահմանել՝ հասնելով 2,8 միլիարդ դոլարի (26 տոկոս աճ):
Եվս մեկ հետաքրքիր փաստ Ժամանակակից հայերի կյանքից. այժմ Երևանից Եվրոպա կարող եք թռչել 40 դոլարով՝ նախորդ 200-ի փոխարեն: Դա տեղի ունեցավ լոուքոսթեր Riyaneir և Wizzair-ի ցածր գնով իրականացվող ծրագրերի շնորհիվ (բայց Մոսկվայից Հռոմ ձեզ կառաջարկեն միակողմանի տոմս 90 դոլարով, դեպի Երևան՝ 76-ով, տարբերությունը զգալի է): Բացի դրանից՝ Հայաստանը տասներորդ տեղում է ազատ ինտերնետ ունեցող երկրների վարկանիշում:
Ակնհայտ փաստ է, որ Հայաստանը ձգտում է փոփոխությունների կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնեսի համար խաղի հստակ կանոնների ստեղծման, թափանցիկ բանկային համակարգի միջոցով, ինչը, իհարկե, այն ավելի գրավիչ է դարձնում ներդրողների համար: Եվ սա Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հիմնական հաղթաթուղթն է, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում երկրում առանձնահատուկ հաջողություններ չեն գրանցվել արդյունաբերության, առևտրի, շինարարության աճի և էներգետիկ համալիրի զարգացման հարցում: Տնտեսության աճը հնարավոր եղավ ապահովել հիմնականում իշխանությունների և հասարակության ցանկության շնորհիվ՝ ազատականացնել տնտեսությունը և իրականացնել վերահսկողություն պաշտոնյաների եկամուտների և ծախսերի նկատմամբ: Կհիշեք երևի, որ մինչև վերջերս բյուջեի 3 միլիարդ դոլարից 1 միլիարդը գողանում էին, իսկ մոտ 900 միլիոն դոլարն էլ հարկերի տեսքով բյուջե չէր հասնում:
Հայաստանում ապրելն իսկապես ավելի լավ է դարձել: Նախ՝ հանրապետության քաղաքացիների համար, որոնց բարեկեցությունը զգալիորեն աճել է (նվազագույն աշխատավարձը ռուսական ռուբլով 9000-20 000 է): Գումարը շատ բարձր չէ, բայց ավելացումներն ուրախացնում են հայերին և ապագայի հույս ներշնչում: Ընդլայնվել է սոցիալական ծառայությունների ցանկը, օրինակ՝ անվճար է դարձել է մինչև 18 տարեկան երեխաների բուժօգնությունը:
Հայաստանի ՀՆԱ-ի աճի ֆոնին Ռուսաստանը ակնհայտորեն տանուլ է տալիս, չնայած նավթի և գազի պաշարներին՝ բավարարվում է համեստ 1.3 տոկոս աճով: Նման դանդաղ տնտեսական աճն իր հետքն է թողնում Եվրասիական միության գործընկերի տնտեսությունների վրա. Ճգնաժամ չկա, բայց աճ էլ չկա: Ինչևէ, նավթադոլարներն իրենց զգալ են տալիս: Նույն Հայաստանը համաշխարհային գների համեմատ Ռուսաստանից ավելի էժան գազ է ստանում և բարեխղճորեն կատարում է իր բոլոր պարտավորությունները, ներառյալ զենքի գնումը: Նույնիսկ երբ պաշտոնական Երևանը փորձեց հրաժարվել «Իսկանդերի» մատակարարումից, ստիպված էր գնալ զիջումների:
Առանց Ռուսաստանի՝ Հայաստանի «տնտեսական հրաշքը» նույնքան դատարկ է հնչում, որքան բելառուսական «հրաշքը», որը, ինչպես պարզվեց, կախված է բացառապես գազի և նավթի արտոնյալ գներից, որոնք հաջողությամբ վերավաճառում է: Բայց հարկ է նշել, որ ՀՀ իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությունը տպավորիչ արդյունք տվեց, այդ թվում՝ նյութական առումով, հարկային եկամուտների շնորհիվ: Ենթադրենք, որ Ռուսաստանն էլ կարող էր «վերադարձնել» գողացված փողերը անազնիվ պաշտոնյաներից ու դրանք ծախսել երկրի զարգացման ու ռուսաստանցիների կենսամակարդակի ապահովման համար: Կարծես թե կան սխեմաներ, ու նաև ճնշման լծակներ, սակայն չկա իրական հակակոռուպցիոն ծրագիր: Եվ այստեղ մենք հետ կմնանք նույնիսկ Հայաստանից»: