Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ աշխատանքային հանդիպում է ունեցել մարզում գործող ադամանդագործական ընկերությունների ղեկավարների հետ:
«Հանդիպման նպատակն էր ծանոթանալ ոլորտի մարտահրավերներին, գույքագրել առկա խնդիրներն ու քննարկել հնարավոր իրավական և օրենսդրական լուծումները:
Գաղտնիք չէ, որ Կոտայքի մարզի տնտեսության զարգացման գերակա 4 հիմնական ճյուղերից մեկը հենց ադամանդագործությունն է, ու մեր պարտքն է ապահովել ոլորտի բնականոն զարգացումը:
Նշեմ, որ ադամանդագործական արտադրանքի կշիռը մարզի մշակող արդյունաբերության 7,5 տոկոսն է։ Մարզում գործում են 13 ադամանդագործական ընկերություններ: Մարզի ադամանդագործական ձեռնարկություններում աշխատում է շուրջ 700 քաղաքացի։ Ադամանդագործության համար մեր մարզում կան մեծ նախադրյալներ՝ հարուստ փորձ, միջազգային շուկայում մեծ ճանաչում և մասնագետներ: Ի դեպ, շուտով Աբովյանի պետական քոլեջն ու ադամանդագործական ընկերությունները կստորագրեն հուշագիր՝ քոլեջում համապատասխան ուսումնական դասընթացներ մեկնարկելու կապակցությամբ:
Հիշեցնեմ նաև, որ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, համագործակցելով Կոտայքի մարզպետարանի հետ, մեկնարկելու է տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրեր, որոնցում իր ուրույն տեղն ունի ադամանդագործության 3D մոդելավորումը»,- գրել է Կոտայքի մարզպետը: