Փետրվարի 18-ին պաշտոնական այցով Դանիայի Թագավորության մայրաքաղա Կոպենհագենում գտնվող Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև խորհրդարանի առաջին փոխխոսնակ Կարեն Էլլեմանը (Լիբերալ կուսակցություն) և փոխխոսնակ Յենս Ռոդեն (Դանիայի Սոցիալ-լիբերալ կուսակցություն)։
Դանիական կողմի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է անկախությունից ի վեր ՀՀ անցած ճանապարհը և թավշյա հեղափոխությունից ու 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած փոփոխությունները։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի որդեգրած ժողովրդավարական փոփոխությունների օրակարգին՝ հատկապես դատաիրավական ոլորտում։ Քննարկվել է Ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումների շուրջ եվրոպական տարբեր կառույցների հետ համագործակցության շրջանակը։ Դանիայի խորհրդարանի խոսնակը պատրաստակամություն է հայտնել սատարելու Հայաստանի խորհրդարանին՝ ժողովրդավարական ձեռքբերումները բոլոր բնագավառներում կոնսոլիդացնելու գործում։
Արարատ Միրզոյանը հատուկ ընդգծել է, որ նման մակարդակով սա ՀՀ Ազգային ժողովի առաջին պաշտոնական այցն է Դանիայի Թագավորություն՝ խորհրդարանի խոսնակի մակարդակով, և հույս հայտնել, որ նոր հնարավորություններ կբացվեն երկու օրենսդիր մարմինների միջև փորձի փոխանակման և միջազգային խորհրդարանական կազմակերպություններում սերտ փոխգործակցության։ Ափսոսանք հայտնելով, որ Դանիայի խորհրդարանում գոյություն չունի բարեկամական խմբեր ձևավորելու ավանդույթ, կողմերը հույս են հայտնել, որ փոխշահավետ համագործակցության արդյունավետ հարթակ կարող են լինել խորհրդարանական համապատասխան հանձնաժողովների միջև համատեղ հանդիպումների և քննարկումների կազմակերպումը, փոխադարձ այցերը և մշտական շփումը տարբեր խորհրդարանական խմբակցությունների միջև։
Արարատ Միրզոյանն իր երախտիքի խոսքն է հայտնել Դանիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վարվերացնելու և ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղարությանը պաշտոնապես տեղեկացնելու համար։ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դանիական կողմը կաջակցի Հայաստանի իշխանություններին ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։
Դանիայի խորհրդարանի խոսնակի խնդրաքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական օրակարգի հարցեր, այդ թվում՝ ապրիլի 5-ին տեղի ունենալիք հանրաքվեի և Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացները, խոսել Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին՝ որպես Հայաստանում ընթացող դատաիրավական, տնտեսական բարեփոխումների հաջողության հասնելու գրավական։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության խնդիրների լայն շրջանակին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Ազգային ժողովի նախագահի ղեկավարած պատվիրակության անդամները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը և Հայաստանի մոտեցումները բացառապես խաղաղ ճանապարհով դրա հանգուցալուծման ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։