Փետրվարի 19-ը նաև Գիրք նվիրելու օրն է: Սա առիթ է ոչ միայն հաճելի անակնկալ մատուցելու, այլև ասելու, թե որ գիրքն է այժմ սեղանիդ: 1lurer.am-ը հետաքրքրվել է՝ օրենսդիր մարմնում ի՞նչ գրքեր են խորհուրդ տալիս կարդալ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հայտնեց, որ այս պահին ձեռքի տակ երեք գիրք է: Կարդում է Ռոբերտ Չալդինիի «Սոցիալական հոգեբանություն»-ը, Պլատոնի «Պետություն»-ը, Հարութ Կբեյանի «Լոտո»-ն: Պատգամավորը խորհուրդ է տալիս անպայման ընթերցել Պլատոնի «Պետություն»-ը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը 2020-ին արդեն ինը գիրք է կարդացել: Խորհուրդ տվեց քաղաքացիներին կարդալ այն գրքերը, որոնք իրենց են հետաքրքիր: Այս պահին կարդում է Ջեյմս Պատերսոնի և Բիլ Քլինթոնի «Նախագահը բացակայում է» գիրքը: Պատգամավորն առաջարկում է կարդալ, ով կարդացել է՝ վերընթերցի Միքայել Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» գործը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի կարդացած վերջին գիրքը Ալբերտ Էյնշտեյնի «Կյանքի կանոններ»-ն է. հենց դա էլ խորհուրդ է տալիս կարդալ: Այս պահին պատգամավորի սեղանին Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գիրքն է:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ հայտնեց, որ վերջին շրջանում աշխատանքին և ուսմանն առնչվող մասնագիտական գրքեր է ընթերցում: Այս պահին պատգամավորի սեղանին «Ժամանակակից Ադրբեջան» գիրքն է: Վարուժան Գեղամյանի ու Էդգար Էլբակյանի աշխատությունը պատգամավորը ձեռք է բերել հենց գրքի շնորհանդեսին: Անի Սամսոնյանը տեղեկացրեց՝ այն մեր հարևան երկրի մասին է, որն օգտակար կլինի բոլորի համար: