Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ Եղվարդի «Նաիրի» բուժկենտրոնի ծննդօգնության բաժանմունքի հիմնանորոգման և վերազինման գործընթացը մեկնարկել է:
«Քիչ առաջ Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում էի, որտեղ աշխատանքային հանդիպում և շրջայց ունեցա՝ տնօրենի պաշտոնակատարի ուղեկցությամբ:
Տեղեկացնում եմ, որ մարտի սկզբից ծննդօգնության բաժանմունքում կսկսվեն շինարարական աշխատանքներ, այժմ ընթանում է նախագծահաշվային փաստաթղթերի կազմելու գործընթաց: Արդյունքում հիմնովին կվերանորոգվի ծննդօգնության բաժանմունքը, այդ թվում՝ բաժանմունքի առանձին մուտքը, կանանց կոնսուլտացիոն հատվածը, ծննդօգնության հարկաբաժինները, որից հետո բաժանմունքը կհամալրվի լիովին նոր գույքով և կվերազինվի նորագույն բժշկական սարքավորումներով:
Հիշեցնեմ, որ որոշում էր կայացվել ստեղծել աշխատանքային խումբ՝ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով:
Նշեմ նաև, որ այս բժշկական կենտրոնում առկա խնդիրները նախատեսված էր լուծել կայուն զարգացման ճանապարհով, սակայն ստեղծված իրավիճակը ստիպեց կիրառելու Crisis Management-ի գործիքակազմ՝ հարցը օր առաջ լուծելու համար»,- գրել է Կոտայքի մարզպետը: