Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի ուղեկցությամբ այցելել է Ամալիենբորգի թագավորական պալատ և առանձնազրույց ունեցել Նորին Մեծություն Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդի հետ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջև պատմական բարեկամական կապերի կարևորությունը և հույս հայտնել, որ դրանք կխորանան:
Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդը և Արարատ Միրզոյանը երկուստեք կարևորել են Հայոց ցեղասպանության օրերին դանիացի երկու միսիոներների՝ Մարիա Յակոբսենի և Կարեն Եպպեյի նշանակալի դերակատարությունը հայ որբերի փրկության գործում, ինչն ընդհանուր հոգևոր կապ է ստեղծել երկու ժողովուրդների միջև:
Մարգրետե Երկրորդը, կարևորելով Հայաստանից նման բարձր մակարդակի պատվիրակության ժամանումը, հույս է հայտնել, որ այցը լուրջ հիմք կհանդիսանա երկու ժողովուրդների միջև կապերի հետագա խորացման, մշակութային փոխանակումների և շփումների ակտիվացման համար: Նա հաջողություն է մաղթել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Ազգային ժողովին իրենց գործառույթների իրականացման մեջ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության: