Ուղիղ 16 տարի առաջ այս օրը Բուդապեշտում դաժանաբար սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը: Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնի 16 հարված հասցրեց նրան՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ իր հայրենակիցներին բնորոշ վայրագությունը սահման չունի:
2004 թվականի հունվարի 11-ից Գուրգեն Մարգարյանը մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլալեզու ուսումնական դասընթացներին։ Դասընթացներին մասնակցող սպաներից հունգարացի Քութի Բալաշը, դեպքից հետո պատմել է.
«Երեկոյան թեյեցի, գնացի քնելու, Գուրգենը շարունակում էր կարդալ: Առավոտյան կողմ զգացի, որ ինչ-որ մեկը վառում է սենյակի լույսը: Մտածեցի՝ Գուրգենն է, հետո լսելով խլացված ձայներ` շրջվեցի ու տեսա ադրբեջանցուն՝ Ռամիլին, մեծ կացինը ձեռքին կանգնած: Այդ ժամանակ ես հասկացա, ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել: Չորս բոլորը արյուն էր: Ես սկսեցի գոռալ: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ չի վնասի: Նրա դեմքի արտահայտությունը ուրախ էր, կարծես թե կարևոր գործ էր ավարտել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս՝ օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ»:
Ռամիլ Սաֆարովի դատավարությունն անցավ Հունգարիայում։ Դատարանում Սաֆարովի պաշտպանությունը նրա գործողությունների խթան էր համարում ղարաբաղյան շարժումը: Բժշկական փորձաքննությունը նրան մեղսունակ ճանաչեց։ Դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության՝ առաջին 30 տարում առանց համաներման իրավունքի։ Դատավորն իր որոշումը բացատրեց Սաֆարովի կատարած հանցագործության առավել դաժանությամբ և նրանով, որ Սաֆարովն այդպես էլ չգիտակցեց իր գործողությունները:
2012 թվականի օգոստոսի 31-ին Սաֆարովին Հունգարիան հանձնեց Ադրբեջանին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու համար, և նույն օրն էլ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց, բնակարան նվիրեց, բարձրացրեց կոչումն ու հերոսացրեց:
Այդ օրվանից խզված են Հայաստանի և Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունները: